Սեպտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Երևանում անցկացված «Մեղրատոն»-ի 3-րդ փառատոնին։
Այս տարի փառատոնը մեկտեղել է ավելի քան երեք տասնյակ մեղվաբույծների և հարյուրավոր մեղրասերների Հայաստանի տարբեր մարզերից։ Ցուցահանդես-վաճառքի 38 տաղավարներում ներկայացվել է ոչ միայն բնական մեղր, այլև մեղրամոմ, ծաղկափոշի, ակնամոմ, մայրակաթ և մեղվաբուծության այլ արժեքավոր ու օգտակար արտադրանքներ։ Ներկայացվել են նաև փայտամշակման արտադրամասեր, որոնք ցուցադրել են սեփական փեթակների հիման վրա պատրաստված արտադրանք։
Երկօրյա փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետաց դասերի, ծանոթանալու մեղվաբուծության և մեղրի օգտակար հատկություններին, ինչպես նաև վայելելու մշակութային ծրագիր՝ ազգային երգով ու պարով։
Միջոցառումն իրականացվել է «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից՝ GIZ-ի «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող Sigma ծրագրերի աջակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
Տաթևիկ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով մեղվաբուծության զարգացումը Հայաստանի գյուղատնտեսության մեջ․
«Ամբողջ աշխարհում աճում է բնական և էկոլոգիապես մաքուր սննդի պահանջարկը։ Այս տեսանկյունից մեղվաբուծությունը դառնում է ռազմավարական ճյուղ, և մեր երկրում այն դիտարկվում է որպես հեռանկարային ոլորտ։ Մեղվաբույծներին աջակցելու նպատակով պետությունը իրականացնում է այնպիսի պետական քաղաքականություն, որը նպաստում է ինչպես նոր շուկաների որոնմանը, այնպես էլ արտադրանքի որակի ու մրցունակության բարձրացմանը»։