ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվել է Երևանի Ազատության հրապարակում։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերը ներկայացնում են իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունները, մարզերին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։
Նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ շրջել է տաղավարներով և զրուցել մասնակիցների հետ։
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին և մեր քաղաքացիներին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը, հիշեցնել դրանց մասին ևս մեկ անգամ։ Իրականում մենք բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր ունենք, որոնց մասին շատ քաղաքացիներ տեղյակ չեն։ Ամեն այցի ժամանակ մարզերում բացահայտվում են նոր հնարավորություններ՝ արկածային, պատմական, մշակութային և այլ։ Մեր գաղափարն այն է, որ կարողանանք մեր քաղաքացիներին պատմել դրանց մասին։ Ցուցահանդեսում բոլոր մարզերն ունեն իրենց տաղավարները, և հուսով եմ՝ կկարողանան պատշաճ ձևով ներկայացնել իրենց ներուժը։ Դա կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը, և այն գումարը, որը մեր քաղաքացիները ծախսում են արտերկրում, կարող է մնալ հենց Հայաստանում՝ դառնալով մեր տնտեսության աճի աղբյուր», – նշել է նախարարը։
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր և համերգային ծրագիր։