Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթաժողովի շրջանակում մասնակցել է «Քաղաքականության և ներդրումների ինտեգրացիա» քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը։
Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը ձեռնարկել է կոնկրետ, համակարգային քայլեր, որպեսզի իր սննդի համակարգերի վերափոխման ուղին վերածի բյուջետային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի, որոնք սերտորեն կհամապատասխանեն ազգային զարգացման առաջնահերթություններին։
Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2020 - 2030 թթ․ ռազմավարությունը սահմանում է յոթ ռազմավարական առաջնահերթություններ, այդ թվում՝ սննդի անվտանգությունը, սննդի բարելավումը և գյուղատնտեսության արդիականացումը։ Նրա խոսքով՝ 2021 - 2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը առաջնահերթություն է տվել ինտենսիվ այգիների հիմնմանը, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացմանը, գյուղատնտեսական տեխնիկայի նորացմանը և թվային տեխնոլոգիաների ներդրմանը։ Մշակվում են նաև կենդանիների գրանցման, տնկանյութի հավաստագրման և ազգային գյուղատնտեսական գրանցամատյանի ստեղծման համակարգեր։
Անդրադարձ է կատարվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի։