ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Գոռ Գրիգորյանին և ձկնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ձկնաբուծության ոլորտի զարգացմանը, ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների վերանայման անհրաժեշտությանը, հայկական ձկան և ձկնամթերքի արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, արտադրական ողջ շղթան և արտադրանքը անվտանգության և որակի միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը, մաքսատուրքերի դրույքաչափերի վերանայմանը, ֆինանսական կառույցների կողմից վարկերի տրամադրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Մասնակիցները բարձրացրել են նաև այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդիրները։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տաթևիկ Սարգսյանն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ շահագրգիռ այլ մարմինների հետ քննարկելու նպատակով։