Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) արտոնություններրի ընդհանրացված համակարգի ներքո Գրանցված արտահանողների համակարգի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2018 թվականի հունվարի 27-ի N 56- Ա հրամանի համաձայն:
Վարչական համագործակցությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը (վարչական համագործակցության համար իրավասու մարմին)։
ԱԸՀ շրջանակներում, վարչական համագործակցության համար իրավասու մարմինն իրականացնում է արտահանողի կողմից տրված ծագման հայտարարությամբ նշված ապրանքների ծագման կարգավիճակի հավաստիացում`
1) Եվրոպական հանձնաժողովի կամ ԵՄ անդամ երկրների մաքսային մարմինների կողմից ներկայացված ապրանքների ծագման կարգավիճակի հավաստիացման հարցումների դեպքում,
2) սեփական նախաձեռնությամբ՝ ռիսկերի գնահատման հիման վրա։
Ապրանքի ծագման կարգավիճակի հավաստումն իրականացվում է իրավասու մարմնի գրավոր տեղեկացումը (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով) ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում արտահանողի/արտադրողի կողմից իրավասու մարմին ներկայացված փաստաթղթերի կամ, դրանց ոչ բավարար լինելու դեպքում, արտահանողի/արտադրողի արտադրատարածք իրականացված այցելությունների հիման վրա։ Ապրանքի ծագման կարգավիճակի հավաստման նպատակով վարչական համագործակցության համար իրավասու մարմինը՝
1) ուսումնասիրում է այն ապրանքների կամ նյութերի ապրանքի ծագման մասին հայտարարությունները, որոնց վերաբերյալ ստացվել են հարցումներ Եվրոպական հանձնաժողովից կամ ԵՄ անդամ երկրներից,
2) ուսումնասիրում է մատակարարների կողմից տրված հիմնավորող փաստաթղթերը, որով կհավաստվի այդ ապրանքների և նյութերի ծագման երկիրը, որը հայկական արտահանողը/արտադրողը գնել է այլ կազմակերպությունից,
3) համեմատում է տվյալ նյութի կամ ապրանքի մասով արտահանողի առևտրային շարժն արտահանողի կողմից ներկայացված հաշվապահական փաստաթղթերի հետ։