Դեկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բանգլադեշյան համագործակցության զարգացման, գործարար կապերի ամրապնդման, ներդրումային ծրագրերի իրականացման, փոխադարձ առևտրի ակտիվացման և ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորություններին։
Կողմերը կարևորել են հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ու առևտրաշրջանառության ծավալների աճը։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, դեղագործության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման շուկայի ընդլայնման, և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունը, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։
Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Կողմերը պայմանավորվել են կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նախատեսված է տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման խթանման համար։