ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք կատարած այցի շրջանակներում, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնման ընթացքին, առկա իրավիճակին և հետագա հնարավոր լուծումներին:
ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրով (ծրագրի բովանդակության պատասխանատուն է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից) նախատեսվում է բարեկարգել Ջերմուկի ջրվեժ մոտեցող ճանապարհը, քայլուղին, որը ջրվեժի տարածքը կմիացնի քաղաքին:
Նախարարը շրջել է նշված հատվածներում, այցելել ջրվեժի հարակից տարածքում գտնվող «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ և արձանագրել, որ այն գտնվում է անմխիթար վիճակում, և անհրաժեշտություն կա հիմնովին նորոգելու և ներդրումների միջոցով տեսարժան, բարեկարգ դարձնելու. «Ջերմուկ ժամանող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն այցելում են ջրվեժ, և այս տեղանքը խիստ կարևոր է բարեկարգ զբոսաշրջային միջավայրի ձևավորման համար»,- նշել է նա:
Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային կլաստերների հիմնումը Վայոց ձորի մարզում նոր շունչ կհաղորդի մարզի տնտեսական ակտիվությանը, կլուծի բնակիչների զբաղվածության հարցը և խթան կհանդիսանա զբոսաշրջային հոսքերի ավելացման համար:
Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է նաև Ջերմուկի խորհրդանիշ համարվող «Եղնիկ»-ի տեղադրման աշխատանքներին: