ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է 𝐌𝐚𝐧𝐭𝐚𝐬𝐡𝐲𝐚𝐧𝐭𝐬 𝐆𝐥𝐨𝐛𝐚𝐥 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒 ցուցահանդեսին։
Առաջին անգամ կազմակերպվող երկօրյա ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 120 ընկերություններ, որոնք ներկայացնում են 40-ից ավել ոլորտներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ցուցահանդեսին մասնակցում է առանձին տաղավարով, որտեղ ներկայացված է գործարար ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմը, որի միջոցով նախարարությունը աջակցում է տեղական ընկերությունների գործունեության ընդլայնմանն ու բիզնեսի զարգացմանը։
Ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել գործարարներին ծանոթանալ միմյանց բիզնեսներին, ինչպես նաև ստեղծել նոր գործարար կապեր:
«Պետական կառավարման և մասնավոր ոլորտի միջև արդյունավետ երկխոսությունը հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա բարելավել բիզնես միջավայրը, նպաստել ներդրումներին և խթանել նորարարությունը։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդյունքների, որոնք երկարաժամկետ հեռանկարում կբարձրացնեն Հայաստանի տնտեսական դինամիկան և մրցունակությունը միջազգային շուկաներում», - նշել է Սևակ Միքայելյանը։
Mantashyants Global EXPO 2024-ին զուգահեռ կազմակերպվել է նաև Real Business Conference՝ նվիրված Հայաստանի տնտեսության 6 առաջնահերթ ոլորտներին։
Այս երկու օրերին այցելուները հնարավորություն են ունենալու լսելու Հայաստանի 12 ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմություններ հենց հիմնադիրներից։