Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին այցելել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկա։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Ընկերությունն ունի մայրական թռչնանոցներ, որտեղ արտադրվում է բրոյլեր թռչնի ինկուբացիոն ձու, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած ինկուբատոր և համակցված կերերի արտադրամաս։
Գործարանը հագեցած է գերմանական նոր սարքավորումներով կառուցված 14 թռչնանոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի մինչև 33,000 թռչնագլուխ:
Ընկերությունն օգտվել է ՀՀ կառավարության գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրից, որի արդյունքում 5 տարով տրամադրված 953,464,370 ՀՀ դրամ ֆինանսավորման միջոցով 2022 թվականին կառուցվել են պարենային ձվի արտադրության թռչնանոցներ՝ յուրաքանչյուրն 85,000 թռչնագլուխ տարողությամբ։
Այցի ընթացքում նախարարը շրջել է գործարանի տարածքում։
Քննարկվել են հետագա զարգացման, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացման, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառման և ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման մի շարք հարցեր։