Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։
Ռոտոբո ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։ Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։
Հանդիպման ընթացքում «ROTOBO» ընկերության կողմից ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց (Network for Investment Environment Improvement) ստեղծելու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ցանցի նպատակն է խթանել առևտուրն ու ներդրումները երկու երկրների միջև։