Սեպտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային, որը Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Որպես Պետություն-մասնավոր համագործակցության միջազգային կազմակերպություն՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է անկախ և անաչառ հիմնադրամ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, որի նպատակն է օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանն աջակցելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը:
«Դիվերսիֆիկացիան ոչ միայն տնտեսական կարևորություն ունի, այլև կենսական նշանակություն մեր երկրի համար», – նշել է նախարարը:
Նախարարը ներկայացրել է նաև երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը: