«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 4-ին այցելել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏՏԿ)։ Կենտրոնի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի ընդլայնումը Երևան քաղաքից դեպի հյուսիսային շրջաններ և նպաստել ապակենտրոնացման գործընթացին, ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը հյուսիսային տարածաշրջանում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը հյուսիսային տարածաշրջանում:
Հաջորդիվ մասնակիցներն այցելել են «AI9 կամպուս»։ Նախագիծը նպատակ ունի համախմբել ստարտափներին, ներդրողներին, կորպորացիաներին և ակադեմիական հաստատություններին՝ զարգացնելու Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։
Պատվիրակության անդամները նաև այցելել են «Սոլարոն» ընկերություն, որի առաքելությունն է խթանել ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ստեղծումը և վերականգնվող էներգիան հասանելի դարձնել անհատներին և բիզնեսներին Հայաստանի ողջ տարածքում։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական «Digitec Expo 2024» ցուցահանդեսին։
Համաժողովն ավարտվել է փակման հանդիսավոր արարողությամբ, որին եզրափակիչ խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան:
Պաշտոնապես հայտարարվել է ACE 2025-ի հաջորդ հյուրընկալող երկիրը։