Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության էկոնոմիկայի, էներգետիկայի և զբոսաշրջության դաշնային նախարարություն (BMWET), տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության ներկա իրադրության, փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց են ապրել, սակայն առկա է տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրականացված ներուժ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա մեջ Վիեննայում կազմակերպել Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով, ինչը հնարավորություն կընձեռի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորվում է նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության տեսանկյունից։