2019թ. հոկտեմբերի 16-18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 110 երկրների շարքում Հայաստանը պետական տաղավարով` ինը տեղական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ ներկայացավ Սինգապուրում ITB Asia` Ասիայի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսին։
ITB Asia ցուցահանդեսը ամենամեծ և ամենագլխավոր B2B ձևաչափի միջոցառումն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` մեկ հարկի տակ հավաքելով զբոսաշրջային ոլորտի ավելի քան 11,000 մասնակցի զբոսաշրջության տարբեր ոլորտներից` MICE, կորպորատիվ և ժամանցային զբոսաշրջություն:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ միջազգային ճամփորդական ամսագրերի, տեխնոլոգիական հարթակների, ինչպես նաև մարքեթինգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են թիրախային շուկաներում թեմատիկ նյութերի և մարքեթինգային արշավների միջոցով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախագծեր:
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում համատեղ նախագծերի գործարկման ուղղությամբ, այդ թվում` ասիական մի շարք հայտնի ամսագրերում Հայաստանի զբոսաշրջային ներուժը բացահայտող հոդվածների հրապարակում, առցանց հարթակներում Հայաստանի մասին զբոսաշրջային տեղեկատվության տեղադրում և միջազգային գործընկերների միջոցով թիրախային շուկաներում մարքեթինգային նպատակային արշավների կազմակերպում:
Նմանատիպ խոշոր ցուցահանդեսներին տեղական զբոսաշրջային ընկերությունների մասնակցության ապահովումը միջազգային համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում` Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային հարթակներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու նպատակով: