հոդված
Կցված Ֆայլեր

#VisitArmenia

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում


Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.

1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,

3) աշխատատեղերի ստեղծմամբ:


Ոլորտի վիճակագրություն

  • Ներգնա զբոսաշրջային այցելություններ

Համաձայն վիճակագրական տվյալների 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1259657 զբոսաշրջիկ, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճի դինամիկան 2003-2016թթ.

Վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 298.533 կամ 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 %-ով:

Հայաստան միջազգային այցելուների հետազոտություն/ Սեպտեմբեր 2006թ. – Օգոստոս 2007թ. արդյունքների հաշվետվություն

2013 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում միջազգային այցելությունների վերաբերյալ ընտրանքային հետազոտություն

2017թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույց


  • Մարքեթինգային քաղաքականություն

Զբոսաշրջության ոլորտում մաքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով պետական-մասնավոր հատվածի համագործակցությամբ ծավալուն աշխատանք է իրականացվել հայկական զբոսաշրջային գրավչությունների ներկայացման գործում:

Միջազգային շուկայում «Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» նկարագրի պատշաճ ներկայացման և շարունակական ամրապնդմանն ուղղված հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հետևյալ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում.

2016 թվականին հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հետևյալ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում.

- 2016 թ - Մադրիդ «Fitur’2016»,

- 2016 թ-- Բեռլին «ITB’2016»,

- 2016 թ. - Մոսկվայ «MITT’2016»

- 2016 թ.- Դուբայ «ATM` 2016»

2017 թվականին հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հետևյալ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում.

-2017 թ.- Բեռլին «ITB’2016»

-2017 թ.- Թեհրան « TIT 2017»


  • Փառատոններ

ՀՀ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ անցկացվել են արդեն ավանդական և ժողովրդական դարձած և միջազգային ճանչում ունեցող հետևյալ փառատոնները.

-ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում - «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը,

-ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում - «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը,

-ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում «Գաթայի» փառատոն,

-ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում Գինու ավանդական փառատոնը,


  • Միջազգային համագործակցություն

♦ Անդամակցելով ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպությանը` Հայաստանը ակտիվ համագործակցում է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ և ներգրավված է ոլորտում իրականացվող խոշոր տարաբնույթ ծրագրերում:

2015 թվականի սեպտեմբերի 11-ից 18-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի 21-րդ նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակության և ՄԱԿ ԶՀԿ ղեկավարության միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն 2016թ. ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների հերթական նստաշրջանը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 14-ի նիստի N 27 արձանագրային որոշման և այդ որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության և ՄԱԿ ԶՀԿ միջև կնքված համաձայնագրի` 2016թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցեցին ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին, աֆիլացված անդամներ ավելի քան 20 երկրներից, այդ թվում` գործարարներ, ներկայացուցիչներ գործարար միություններից, միջազգային առաջատար կրթական հաստատություններից, լրատվամիջոցներից, բարձրաստիճան պաշոտյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ Հայաստանից և Արցախից, ուսանողներ Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից` ընդհանոր թվով շուրջ 150 մասնակից: Նստաշրջանին մասնակցեցին նաև ԼՂՀ ներկայացուցիչներ, ինչի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել նոր գործընկերներ և կարևոր կապեր հաստատել զբոսաշրջության ոլորտի միջազգային ներկայացուցիչների հետ:

Նստաշրջանին հրավիրվածի կարգավիճակով մասնակցել են նաև «Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին հանդիպում ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Կարևորելով ոլորտի ապագա մասնագետներին նույնպես միջոցառմանը հաղորդակից դարձնելու հնարավորությունը` վերջիններիս մասնագիտական իմացությունների համալրման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացավ ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ուսանողների հետ։

Բացի մամուլի տարբեր միջոցներով լուսաբանումից, նստաշրջանն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց նաև ՄԱԿ ԶՀԿ կայքէջով (www.unwto.org) և լայն արձագանք ստացավ թե հայաստանյան լրատվական միջոցների կողմից և թե սոցիալական ցանցերում: Հյուրերին ներկայացվեց Հայաստանն իր մշակույթով, խոհանոցով, զբոսաշրջային ներուժով ու գրավչությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցով: Նրանց գնահատմամբ թե Հայաստանն իր մշակույթով ու կրոնով և թե նստաշրջանի կազմակերպումն իր ուրույն մոտեցումներով ու պետություն-մասնավոր հատված համագործակցության վառ օրինակով բացառիկ են, ինչի վերաբերյալ, բացի բանավոր և գրավոր արտահայտվելուց, նրանք հրապարակումներ են կատարել և տարածել նաև սոցիալական ցանցերում:


Ոլորտի կրթական համակարգը

Զբոսաշրջության ոլորտի կրթության բնագավառում մշտական աջակցություն է ցուցաբերվում ոլորտի կրթական հաստատություններին՝ ուսանողական պրակտիկաների անցկացման, ավարտական աշխատանքների կատարման, անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական նյութերի տրամադրման ուղղությամբ։ Մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ տարբեր երկների հետ համագործակցության շրջանակներում ոլորտի պետական և մասնավոր հատվածի մասնագետներ վերապատրաստվել են Եգիպտոսում, Ճապոնիայում, Չինաստանում, Գերմանիայում, Իսպանիայում։

Հայաստանում ոլորտի մասնագետներ են պատրաստում հետևյալ կրթական հիմնարկությունները /մենեջերներ և միջին օղակի մասնագետներ/.

♦ Երևանի պետական համալսարան

♦ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

♦ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

♦ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ

♦ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

♦ Տուրիզմի հայկական ինստիտուտը, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ,

♦ Ռուս-հայկական /սլավոնական/ պետական համալսարան

♦ Հայաստանում ֆրանսիական համալսարան

♦ Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

♦ Երևանի մենեջմենթի համալսարան

♦ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

♦ Երևանի պետական հումանիտար քոլեջ

♦ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ


Զբոսաշրջության բնագավառի պետական ծրագրերը

  1. «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր` հաստատված 2005թ. հունիսի 9-ի կառավարության նիստի N 948-Ն արձանագրային որոշմամբ
  2. «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիր»` հաստատված 2008թ. հոկտեմբերի 16-ի կառավարության նիստի N 1822-Ն արձանագրային որոշմամբ
  3. «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարություն»` հաստատված 2009թ. հուլիսի 16-ի կառավարության նիստի N 29-Ն արձանագրային որոշմամբ
  4. «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշում` հաստատված 2009թ. հունիսի 26-ի կառավարության նիստի N 848-Ն արձանագրային որոշմամբ
  5. «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման» ծրագիր` հաստատեված ՀՀ կառավարության որոշում 2013թ. հունվարի 31-ի N 77 –Ա որոշմամբ
  6. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը` հաստատված ՀՀ կառավարության 22 նոյեմբերի 2012 թվականի N 1478 -Ն որոշմամբ
  7. «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրը»` հաստատված ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի նիստի N 48 արձանագրային որոշմամբ
  8. «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը» հաստատված ՀՀ կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 864 - Ն որոշմամբ


2011 թվականի հունվարի 1-ից զբոսավարի և ուղեկցորդի գործունեությունը չի լիցենզավորվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչ այժմ ոլորտում լիցենզավորված զբոսավարների և ուղեկցորդների համար ՀՀ պետական տուրքի վճարումը դադարեցված է:

Տեղեկատվություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վերաբերյալ

Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության գործնական կիրառման և վերլուծության արդյունքում 2007 թվականի արդյունքում միջոցառումներ են նախատեսված դրա կատարելագործման ուղղությամբ։ Շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը։


Ոլորտի հասարակական հատվածը

Զբոսաշրջության ոլորտում գործում են հասարակական հատվածի հետևյալ կազմակերպությունները.

♦ «Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միություն» իրավաբանական անձանց միություն

♦ «Ճամփորդական Գործակալների Հայկական Միություն» ՀԿ

♦ «Հայաստանի հյուրանոցների միություն» իրավաբանական անձանց միություն

♦ «Հայ Զբոսավարների գիլդիա» ՀԿ

♦ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ

♦ «Արենի փառատոն» հիմնադրամ

♦«Հայաստանի զբոսաշրջային տների ասոցիացիա» ՀԿ

♦ «Խոհարարների հայկական ասոցիացիա» ՀԿ

♦ «Էկոտուրիզմի Ասոցիացիա» ՀԿ

♦ «Հայկական ՍՊԱ Ասոցիացիա» ՀԿ

♦ «Բարմենների հայկական ասոցիացիա» ՀԿ


Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն, հեռ.` (+374 11) 597-157: