Փոքր և միջին ձեռնարկատիրություն
հոդված
Կցված Ֆայլեր


2016թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր

2015թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր

2014թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր

Փոքր և միջին ձեռնարկատիրություն


Երկրում սոցիալական համերաշխության, քաղաքական կայունության և տնտեսական աճի ապահովման երաշխավորված միջոցը զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրության առկայությունն է: Զբաղվածության ապահովման և, դրանով իսկ, աղքատության հաղթահարման խնդիրներն արմատական լուծումներ են ստանում միայն հասարակության միջին խավը ձևավորող փոքր և միջին ձեռնարկությունների միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության համար հրատապ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը` շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ուղղված պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով փոքր և միջին ձեռնարկատիրությունն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև` երկրում սոցիալական համերաշխության և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել փոքր և միջին ձեռնարկատիրության հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանն ու փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է` ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներուժի լիարժեք օգտագործումը և նրա դերի բարձրացումը:

2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչներն ու փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության հիմնական ուղղությունները: ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները Եվրամիության կողմից սահմանված փոքր և միջին ձեռնարկատիրության չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել և 2010թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը:

2001 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում մշակվում և իրականացվում են փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ապահովելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումը: ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության (ռազմավարության), ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույց է հանդիսանում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի N282 որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:

ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը): Աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ի և ԵՄ երկրների ձեռնարկությունների միջև կապի ստեղծման և համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ (05.10.2010թ. ՀՕ-142-Ն), որի նպատակն է` համահունչ դարձնել փոքր և միջին ձեռնարկատիրության չափորոշիչները ԵՄ երկրներում ընդունված չափորոշիչներին:

ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո 2011-2012 թվականների ընթացքում իրականացվել է «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագիրը: Գործընթացն ունի շարունակական բնույթ: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են ԵՄ արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

Ծրագրի արդյունքում 2012 թվականի հոկտեմբերին հրատարակվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքս, Արևելյան գործընկերության երկրներ 2012» աշխատությունը:

«Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագրի շրջանակներում հայկական կողմի հետ համագործակցող կողմեր են հանդիսանում OECD, European Commission, European Training Foundation (ETF), EBRD կազմակերպությունները:

2015թ.-ի հոկտեմբերին հաստատվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը, որտեղ ներկայացված են հանրապետությունում ՓՄՁ իրավիճակը, իրավիճակի վերլուծությունը, առաջիկա երեք տարիների ՓՄՁ ոլորտի ռազմավարական նպատակները, դրանց իրականացման հիմնական ուղիներն ու միջոցները, միջազգային փորձի ուսումնասիրությունը, ոլորտի քաղաքականության գնահատականները, ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը:

Ռազմավարության իրականացման միասնական նպատակը գիտելիքի և նորարարության հիման վրա, կառավարման որակի բարձրացման միջոցով, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի որակական զարգացման ու մրցունակության բարձրացումն է։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։ Առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։

Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության իրականացում (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջ)

Ասիական զարգացման բանկի «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիր


Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-36, Էլ. փոստ` ggevorgyan@mineconomy.am:

Փոքր և միջին ձեռնարկատիրություն
ՀՀ-ում ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր