ԵՄ ծրագրերի կառավարման բաժին

 

Եվրոպական միության ծրագրերի կառավարման բաժինը (ԾԿԲ) ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության կազմում գործող ստորաբաժանում է, որը, հանդիսանալով ԵՄ պատվիրակության գործընկերը ՀՀ պետական կառավարման համակարգում, իրականացնում է Եվրոպական հարևանության գործիքների կառավարումը ՀՀ-ում, համակարգում և վերահսկում է դրանց ներքո իրականացվող ծրագրերը, իրականացնում է բոլոր ծրագրերի դիտանցում, ՀՀ պետական կառավարման մարմիններին և այլ շահառուներին տրամադրում է համապատասխան խորհրդատվություն և օժանդակություն գործիքների կիրառման ու ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Մասնավորապես, ԾԿԲ համակարգում է հետևյալ ծրագրերի իրականացումը Հայաստանում.

- ԹՎԻՆԻՆԳ, որը ԵՄ անդամ երկրների և Հայաստանի հանրային կառավարման մարմինների միջև համագործակցության գործիք է։

- ԹԱՅԵՔՍ, որը տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է։

- ՍԻԳՄԱ, որը տրամադրում է աջակցություն ղեկավարման և կառավարման բարելավման խնդիրներում։

- ՍՈՍՅՈՒ +, որը սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման գործիք է։

- Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր, որն ուղղված է Սևծովյան ավազանի տարածաշրջանի բնակիչների կյանքի որակի բարելավմանը՝ կայուն աճի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցով։

- Հայաստան – Վրաստան տարածաշրջանային ծրագիր, որն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության շրջանակներում և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին սահմանել և համատեղ ուժերով լուծել սահմանամերձ տարածքների խնդիրները՝ այդպիսով ապահովելով կայուն տնտեսական և սոցիալական զարգացում տեղական մակարդակում։

Իր նպատակներն իրագործելու համար ԾԿԲ իրականացնում է հետևյալ գործառույթները.

- Աջակցություն ԹՎԻՆԻՆԳ ծրագրի շահառուների հատկորոշման և ծրագրերի հետագա մշակման, գնահատման և ընտրության, պայմանագրերի պատրաստման, ծրագրերի համակարգման իրականացման փուլերում։

- ԹԱՅԵՔՍ միջոցառումների համակարգում, մասնավորապես մասնագիտական աջակցություն հայտերի մշակման գործընթացում, Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի կառավարման բաժին ներկայացվելիք հայտերի մանրազնին ստուգում, հայտաձևերի ընթացքի հսկողություն, ԹԱՅԵՔՍ ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկում և տեղեկատվության տարածում։

- ՍԻԳՄԱ ծրագրերի ընդհանուր համակարգում, տարեկան աշխատանքային ծրագրի մշակում և հաստատում, հայաստանյան պետական կառավարման մարմինների կողմից պատրաստված ՍԻԳՄԱ աջակցության հայտերի գնահատում, առաջարկի ներկայացանում ՍԻԳՄԱ-ին՝ հաստատման նպատակով, ընթացիկ ՍԻԳՄԱ ծրագրերի մշտադիտարկում և արդյունքների գնահատում։

- Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի հավանական շահառուներին ծրագրային առաջարկների ներկայացման հրավերների, դիմելու կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և բացատրությունների տրամադրում, աջակցություն գործընկերներ գտնելու գործում, հետաքրքրված կողմերի վերաբերյալ փոքր ծավալի տեղեկատվական բազայի պահպանում՝ ըստ յուրաքանչյուր միջոցառման:

- Իրազեկվածության մակարդակի բարձրացում, ուսուցում և աջակցության ընդհանուր գործողություններ։

- Համագործակցություն և ԵՄ աջակցության գործիքների կիրառման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում Հայաստանից դուրս գործող գործընկեր մարմինների հետ։

- Ներգրավված բոլոր կողմերի մոտ անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերահսկողություն՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ կառավարման կարողությունների տեսանկյունից:

- Առանձին ծրագրերին առնչվող տվյալների և նյութերի արխիվացում։