Մեկնաբանություն lurer.com (02.04.19) կայքի` «Ո՞ւմ «արտերն» են ջրում մեր հարկատուները» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը և ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը մարտի 17-20-ը Սինգապուրի Հանրապետություն են մեկնել գործուղղման՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ու անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլին։ 

Քննարկվել են վերոհիշյալ Համաձայնագրի նախագծի առանձին բաժիններ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, առևտրի պաշտպանիչ միջոցները, էլեկտրոնային առևտուրը, պետական գնումները, մտավոր սեփականությունը և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:

Համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են փաստաթղթին կից ցանկերը, դրանցում ներառված ապրանքների ծագման երկրի որոշման չափորոշիչները: Վերոհիշյալ ցանկերում հայկական կողմից ներկայացվել են արտահանման հետաքրքրություն ունեցող մի շարք ապրանքատեսակներ:

Քննարկումներ են ծավալվել Ներդրումների և ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի մասով, որոնց ընթացքում ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը, ՀՀ օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։

Միաժամանակ քննարկումներ են իրականացվել «շուկայի հասանելիության» շուրջ, ինչը ենթադրում է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ազատականացում` ծառայությունների առևտրի և ներդրումների մասով:

Բացի վերոնշյալ հարցերից, այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Սինգապուրի արդյունաբերության և առևտրի նախարարության` Հայաստանի մասով պատասխանատու պաշտոնյաների հետ: Քննարկվել են երկուստեք ներդրումային համաժողովներ և գործարար առաքելություններ կազմակերպելու հնարավորությունները: Քննարկվել է նաև մոտ ապագայում որևէ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Սինգապուրի արդյունաբերության և առևտրի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը:

Բանակցությունների ընթացքում կողմերը հայտարարել են, որ նշված բանակցային փուլը վերջին պաշտոնական փուլն էր: Վերջնական տեքստը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ս.թ. մայիսին կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների միջպետական համաձայնեցման:

Տեղեկացնենք նաև, որ գործուղղման մասին ընդլայնված հաշվետվությունը սահմանված կարգով տեղադրված է e-gov հարթակում: