Տնտեսական խնդիրները և մարտահրավերները՝ «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովի օրակարգում
28 Մարտ, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի պլենար քննարկմանը, որը կրում էր «Հետհեղափոխական Հայաստան․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը։

Նախարար Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ աշխարհում առկա հնարավորույթյունները դեռևս լավագույն եղանակով չեն օգտագործվում Հայաստանում՝ համեմատելով Հայաստանում մարդու մեկ ժամում աշխատած գումարի ցուցանիշը աշխարհի միջին ցուցանիշի հետ։ Նախարարի խոսքով՝ էական տարբերության պատճառը հմտությունների և գիտելիքների ոչ բավարար մակարդակն է և տեխնոլոգիաների ոչ բավարար կիրառությունը տնտեսության մեջ. «Եթե մենք առաջիկայում ցանկանում ենք լինել մրցունակ երկիր, պետք է հավասարապես ուշադրություն դարձնենք այդ երկուսի կիրառության խթանմանը», - նշել է նախարարը։

Անդրադառնալով արտահանման խթանմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտահանումը պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական շարժիչը։ Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ անհրաժեշտ է հատկապես մեծ ուշադրություն դարձնել արտահանման հնարավորությունների և առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հարևան շուկաներում առաջխաղացում արձանագրելու համար։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող է արտադրվել Հայաստանում՝ ինտեգրվելու համաշխարհային արժեշղթաներում և պետական քաղաքականությունն ուղղել մշակող այնպիսի ճյուղերի խթանմանը, որոնք ունեն արտահանման ներուժ և դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։

Նախարարն այս համատեքստում կարևորել է արտադրանքի որակը։ «Փակ սահմաններով, լոգիստիկ բարդ պայմաններով եթե որակով չարտադրենք ու չկարողանանք մեր ծախսերը տեղավորել այդ արժեքի մեջ, դժվար կարողանանք մրցել», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

Անդրադառնալով բիզնես կարգավորումներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս պարզեցված․ «Բոլոր թերի կարգավորումները արագ պետք է հստակեցվեն։ Պետք է լինի այնքան հստակ և պարզ միջավայր, որ արտահանող բիզնեսը, խոշոր ներդրողը որևէ խոչընդոտի չհանդիպի։ Կառավարությունը պետք է օգնի, որ Հայաստանում գործող բիզնեսը լինի քիչ ծախսատար, որակյալ և մրցունակ։ Մենք արդեն լուծել ենք ազատ մրցակցության հարցը, կոռուպցիայի հարցը։ Համակարգային կոռուպցիա չկա այն եղանակով, որ բիզնեսին խոչընդոտ հանդիսանա։ Մեկ այլ բան է, որ կառավարության տվյալ առաջադրանքը ներքևի օղակներում չի կատարվում այնպես, ինչպես տրվել է առաջադրանքը», - նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։

Պանելային քննարկմանը մասկանցում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և Ռազմավարայան և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին։

Հայկ Գևորգյանն անդրադարձավ Հահաստանոում ներդրումների ներգրավման խնդիրներին, Թաթուլ Մանասերյանը՝ հետհեղախոխական Հայաստանում առկա տնտեսական խնդիրներին, իսկ Կախա Գոգոլաշվիլին՝ Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը» հաջորդած իրավիճակին։